Հունիսի 7-ին կայացել են Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի առաջին ելույթները։ Ժյուրիի և հանդիսատեսի առաջ հանդես է եկել 4 մասնակից՝ Մասիեյ Կոտարբա (Լեհաստան), Յուտա Սիմիձու (Ճապոնիա), Միխայիլ Լեոնտև (Ռուսաստան) և Գուրգեն Պետրոսյան (Ռուսաստան): Նրանք ներկայացրել են Յ. Հայդնի, Ա. Խաչատրյանի և Է. Հայրապետյանի ստեղծագործությունները: Վերջին ստեղծագործությունը հեղինակի կողմից գրվել է հատուկ մրցույթի համար, և մասնակիցներն այդ գործին ծանոթացել են հենց մրցույթի ընթացքում:
Այսօր՝ հունիսի 8-ը, առաջին փուլի երկրորդ մրցութային օրն է։ Հանդես կգան Բեատրիս Վենեցին (Իտալիա), Բուն Հուա Լիենը (Սինգապուր), Րաֆֆի Միքայելյանը (Լիբանան) և Էմիլ Էլիասոն (Շվեդիա):
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ մրցույթի առաջին փուլին մասնակցելու է 12 դիրիժոր։
Մրցույթի ժյուրիի անդամ, դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նկատում է, որ նման մրցույթները երիտասարդ երաժիշտներին տալիս են լավ փորձ և մոտիվացիա։ Վահագն Պապյանը նշում է, որ դիրիժորությունը շատ լայն մասնագիտություն է, պահանջում է տարիների փորձառություն։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։